Նորություններ

Նորարար հինավուրցը. «Քայլ արա՛, ընտրիր Հայաստանը»

Բիզնես Արմենիան հրապարակել է մեր երկրի արտահանման ներուժն ու ներդրումային գրավչությունները ներկայացնող տեսանյութը։ Այն նշում է նաև արտոնյալ ռեժիմները, կառավարության աջակցության ծրագրերը, տնտեսության որոշ ցուցանիշներ, գլոբալ վարկանիշներ։ 

Երկրի գործարար միջավայրի մասին նշվում է, որ նորարարության արդյունավետության չափանիշով, հայերի ճկուն մտքի շնորհիվ Գլոբալ նորարարության ինդեքսը Հայաստանին շնորհել է 15-րդ հորիզոնականը, իսկ Համաշխարհային բանկը, բիզնես սկսելու չափանիշով, երկիրը դիրքավորել է 8-րդ հորիզոնականում։ Ներդրումային գրավչությունների շարքին են դասվում բնակլիմայական պայմանները. «Սա երկիր է, որտեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում և որտեղ տարվա 307 օրն արևոտ է։ Երկիր, որտեղ ավելի քան 2500 տեսակի դեղաբույսերի օրգանիկ հողատարածքները «ծարավը» հագեցնում են շուրջ 200 գետերով ու վտակներով։ Իսկ բույսերի մեծ մասն օգտագործվում է դեղարտադրության մեջ, որի 50 տոկոսից ավելին արտահանվում է»։

Ներկայացնելով երկիրը, նաև նշվում է, որ «Մետաքսի ճանապարհն» անցել է Հայաստանով, ամենահին կաշվե կոշիկն այստեղ է հայտնաբերվել և աշխարհի ամենահին քաղաքներից մեկն այստեղ է։

«Մի քանի ամսվա հետազոտական և մարքեթինգային աշխատանքի արդյունքում ստացել ենք Հայաստանը և տնտեսության 6 ճյուղերը ներկայացնող գրավիչ ու ազդեցիկ փաթեթ։ Այն իր դերն արդեն կատարում է, ներդրողների ու գործարարների շրջանում ջերմ արձագանքների է արժանանում և հետաքրքրություն առաջացնում Հայաստանի նկատմամբ»,- ամփոփելով «Select Armenia» մարքեթինգային քարոզարշավի աշխատանքը, նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ավակ Ավակյանը։

Տեսանյութը պատրաստվել է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») մարքեթինգային քարոզարշավի շրջանակում և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Պատրաստվել են նաև տեղեկատվական նյութեր։ Ավելի վաղ Բիզնես Արմենիան հրապարակել է ՏՏ, դեղագործության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ոսկերչության և տեքստիլ ոլորտների մարքեթինգային փաթեթներն ու տեսանյութերը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ