Նորություններ

Նոր արտադրություն՝ նոր ներդրումներով. Արևելյան հացամթերքի արտադրամաս գործարկվեց

Բիզնես Արմենիայի աջակցությամբ և 225 000 դոլարի օտարերկրյա ներդրումներով «Գոլդեն բեյքրի» ընկերությունը Երևանում արևելյան հացամթերքի արտադրություն է հիմնել։ Ներդրումը կատարել է Արաբական միացյալ էմիրություններում գործող Ղալիբ Վարհան։

Այսօր տրվել է արտադրության մեկնարկը, որին ներկա է գտնվել Բիզնես Արմենիայի թիմը։ Այստեղ կթխվի և մայրաքաղաքի առևտրի կետերին կմատակարարվի արևելյան հացամթերք՝ լոշիկ, զաթարով, պանրով և հացի այլ տեսակներ, միջին արևելյան թխվածքներ։ Ստեղծվել է 7 աշխատատեղ։  

«Առաջիկա 3 տարում ևս 150 000 դոլարի ներդրում կիրականացնենք։ Մտադիր ենք նաև դեպի Վրաստան արտահանել Հայաստանում թխված մեր հացամթերքը»,- նշել է «Գոլդեն բեյքրի» ընկերության տնօրեն Սևան Արթինը։

«Այս ներդրումներն ավելի սահուն իրականացնելու համար Բիզնես Արմենիան աջակցել է կառավարության արտոնյալ ռեժիմներից օգտվելու, սարքավորումների և հումքի ներմուծման հարցերում»,- նշել է Բիզնես Արմենիայի Ներդրողների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Հայաստանում ներդրումների իրականացման ընթացքում գործարարը համագործակցել է «Ռիվիերա Կապիտալ» ներդրումային ընկերության հետ, որը մշակել է բիզնես ծրագիրը, կազմել զարգացման ռազմավարությունը։ «Փոխշահավետ գործարքներ իրականացնելուց բացի, մենք նաև շահագրգռված ենք դեպի Հայաստան ներդրումների ալիքը մեծացնելու հարցում»,- նշել է «Ռիվիերա Կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիր Կարէն Մկրտիչեանը։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ