Նորություններ

Հայաստանը հյուրընկալել է գործարարների ու պաշտոնյաների՝ աշխարհի 10 երկրներից

ՀՀ վարչապետի, գործընկեր երկրների կառավարությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ։

Ցուցահանդեսային համաժողովին ԵԱՏՄ անդամ 5 և այլ երկրներից մասնակցում են ավելի քան 1500 ներկայացուցիչներ։ «Միջոցառման վայրի հենց գլխավոր մուտքի մոտ Բիզնես Արմենիան առանձին տաղավարով ներկայացնում է Հայաստանի ներդրումային միջավայրը, արտոնյալ ռեժիմները, տեղեկատվական նյութեր։ Բիզնես Արմենիայի թիմի մասնագետները անհրաժեշտ խորհրդատվություն են ապահովում Հայաստանով հետաքրքրվող արտերկրյա գործարարներին։ Որը կշարունակվի ամբողջ 3 օրերի ընթացքում»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Նախատեսված է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի ելույթը թեթև արդյունաբերությանն առնչվող թեմատիկ նիստի ընթացքում։

Իսկ ցուցահանդեսին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Հայաստանյան 60-ից ավելի ընկերություններ ներկայացնում են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական, ոսկերչական, շինանյութերի ու դեղարգործական արտադրանքներն ու ծառայությունները։ Տարբեր երկրներից մասնակից ընկերությունները նախապես գրանցվելով, գործընկերներ են ձեռք բերել, իսկ համաժողովի ընթացքում, Բիզնես Արմենիայի աջակցությամբ, շարունակում են բանակցությունները։

 

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ