Նորություններ

Արտահանման ռեկորդային և ներդրումների բարելավված ցուցանիշներ. Բիզնես Արմենիան հաշվետվություն է ներկայացրել

Բիզնես Արմենիա հիմնադրամը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել 2018թ. գործունեության հաշվետվությունը։ Անցած տարի հիմնադրամի թիմն ապահովել է ռեկորդային՝ 6.8 միլիարդ դրամի արտահանման պայմանագիր։ Ծախսած 1 դրամի դիմաց ապահովվել է 26.4 դրամի արդյունք։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայկական 116 ընկերություն մասնակցել է 10 միջազգային ցուցահանդեսի՝ գտնելով միջազգային խոշոր գնորդներ։

2018 թվականին բարելավվել է նաև (վերա)ներդրումների ցուցանիշը. շուրջ 21.1 միլիոն դոլար՝ անցած տարվա 15 միլիոն և նախորդ տարվա 0 դոլարի համեմատությամբ։ Բիզնես Արմենիայի թիմն անցած տարի համաժողովների, արտագնա քարոզարշավների, գործարար այլ միջոցառումների ու առօրյա աշխատանքի ընթացքում հանդիպել է շուրջ 392 պոտենցիալ ներդրողների հետ՝ որպես արդյունք կնքելով 350 միլիոն դոլարի ներդրումների իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր։ Օտարերկրյա ներդրողների շարքում են «Նյու Յիդա», «ԱՐԳԱ-Յուրոսթիլ», «Ղալբուրջյան Գրուպ», «Արադ», «Ատլաս Գլոբալ», «Էկոտեխպրոմ», «Մատալուսկաուպա Օնլայն Օյ», «ՎՀԼ Դեվելոփմենթ» ընկերությունները։

«Տարեվերջին ներդրվել է ծառայությունների սպասարկման «մեկ պատուհան» համակարգը, որով փաստացի ընդլայնվեցին նաև Բիզնես Արմենիայի աջակցության շրջանակները»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի 2017-2018թթ. գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Բիզնես Արմենիայի թիմը նաև աջակցել է Հայաստանում 2018 թ. հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի և 22-24-ին՝ ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառման՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին։

Կիսվել։

Ձեզ կհետաքրքրի նաեվ