Ո՞վ ենք մենք

Բիզնես Արմենիան (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ.՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Կառույցի գլխավոր նպատակն է Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը: Բիզնես Արմենիան իր ծրագրերով նպաստում է պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, իրականացնում համատեղ նախագծեր, աջակցում օտարերկրյա ներդրումներին և հետներդրումային ծառայությունների մատուցմանը:

Մեր գործառույթները

Բիզնես Արմենիան արտահանման ներուժ ունեցող տեղական արտադրողներին ու օտարերկրյա ներդրողներին տրամադրում է խորքային ծառայություններ՝ հնարավոր խոչընդոտների հարթումից, Հայաստանի գործարար միջավայրի և իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից մինչև բուն արտահանման և ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աջակցություն։
Ներդրումների ներգրավման նպատակով կառույցը մշակում և համակարգում է ներդրումային ծրագրեր, որոնք իր ներկայացուցիչների ցանցի և տարածման նորարար խողովակների միջոցով հասանելի է դարձնում պոտենցիալ ներդրողներին։ Ծրագրերին զուգահեռ Բիզնես Արմենիան թիրախավորում է Հայաստանի տնտեսությամբ հետաքրքրված օտարերկրյա ընկերությունները և ներդրողներին, ներկայացնում երկրի գործարար միջավայրի առանձնահատկությունները և ներդրումային հնարավորությունները։ Բիզնես Արմենիան գործարարներին շարունակում է աջակցել հետներդրումային ամբողջ շրջանում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով նրանց շահերի պաշտպանությանը և վերաներդրումների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
Արտահանման խթանման , նպատակով Բիզնես Արմենիան նպաստում է արտերկրում հայաստանյան ապրանքների ճանաչելիությանը, արտահանման ծավալների մեծացմանը և շուկաների դիվերսիֆիկացմանը։ Այս նպատակով կառույցն ապահովում է տեղական ընկերությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսների և այլ գործարար միջոցառումների, որոնց ընթացքում կնքված արտահանման պայմանագրերի շնորհիվ տեղական ընկերությունները ճանապարհ են հարթում դեպի թիրախային շուկաներ։
Բիզնես Արմենիան արագ արձագանքում է գործարարների բարձրացրած խնդիրներին, նաև նպաստում է տեղական ընկերությունների արտահանման ներուժի մեծացմանը` ուղղակիորեն կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով տրամադրելով արտահանման ցանկացած փուլի վերաբերյալ հաշվապահական, հարկային, իրավաբանական, բեռնափոխադրումների կազմակերպման հետ կապված խորհրդատվական աջակցություն։